Արսեն Վենգեր․ Մեսին կմնա Մարադոնայի ստվերում, եթե չդառնա աշխարհի չեմպիոն
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, 70-ամյա ֆրանսիացի Արսեն Վենգերը խոսել է արգենտինական ֆուտբոլի լեգենդար խաղացողներ Դիեգո Մարադոնայի եւ Լիոնել Մեսիի մասին։
«Տարօրինակ է, որ այսօր Արգենտինան ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, բայց այդ հավաքականին չհաջողվեց նվաճել աշխարհի գավաթը։ Քանի դեռ Մեսին չի դարձել աշխարհի չեմպիոն, կշարունակի ապրել Մարադոնայի ստվերում։ Տպավորություն է, որ դա գիտի, նույնիսկ, Մեսին։
Հետաքրքիր է, որ Մեսին իր վարքում Մարադոնայի հակապատկերն է։ Լեոն հանգիստ է, ինքնամփոփ, քիչ է խոսում։ Մարադոնան ավելի հաղորդակցվող էր։
Նրանք հանճարներ են։ Անկասկած, Մեսին ավելի շատ տիտղոսներ ունի ակումբային մակարդակակում, բայց Մարադոնայի բացարձակ ճանաչմանը հասնելու համար պետք է հաղթի նաեւ աշխարհի առաջնությունում, եւ նա մոտ էր դրան»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Հիշեցնենք, որ 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Մեսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակիչում 0։1 հաշվով պարտվելով Գերմանիայի հավաքականին։ Մեսին ճանաչվել է այդ մրցաշարի լավագույն խաղացող։