Երեխաներիս սնունդ ու հագուստ չեմ կարողանում գնել, խանութներում ահռելի պարտքեր են կուտակվել. քաղաքացին ահազանգում է
Երեւանի բնակիչ Իսահակ Կարապետյանը կնոջ հետ միասին հայտնվել է սոցիալապես ծանր դրության մեջ. ունեն 2 մանկահասակ երեխա, սակայն չեն աշխատում եւ երեխաներին չեն կարողանում սնունդ ու հագուստ գնել։
NEWS.am-ի հետ կապ էր հաստատել Իսահակը, որը պատմեց իր ընտանիքում առկա սոցիալական խնդիրների մասին.
«Ամենածանր սոցիալական վիճակում է ընտանիքս գտնվում։ Ստեղծված այս իրավիճակը կրկնակի ծանրացրեց մեր սոցիալական դրությունը, անելանելի իրավիճակում ենք հայտնվել։ Անչափահաս 2 երեխա ունեմ. մեկը 1,5 տարեկան է, մյուսը՝ 3,5։ Երեխաներին չեմ կարողանում հագուստով ու սնունդով ապահովել։ Կոմունալ ծախսեր ունեմ, խանութներում ահռելի պարտքեր են կուտակվել այս վերջին շրջաններում։ Ներքին արյունահոսություն եմ տարել, երրորդ կարգի հաշմանդամության թուղթ ունեմ։ Բայց դա ինձ չի խանգարում աշխատել, բանվորություն եմ արել։ Այս իրավիճակում աշխատատեղերն էլ փակվել են։ Երբ աշխատում էի՝ երեխաներիս սնունդի ու հագուստի հարցերը լուծում էի, իսկ հիմա խանութներն էլ պարտք չեն տալիս»։
Նա պատմեց, որ Երեւանում ապրում են վարձով, տան պայմաններն էլ բարվոք վիճակում չեն։
«Սոցիալական աջակցություն չեմ ստանում, որովհետեւ գրանցվելու խնդիր եղավ, զանգահարեցի Սոցապ նախարարություն, այնտեղից ինձ ասացին՝ ծրագիրն է որոշում։ Մեկը մյուսի վրա գցելով չտվեցին»,- պատմեց Իսահակը։