Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները հասել են բարձրակետին
Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը չի եղել, սակայն ցանկացած պահի բարձրակետային ցուցանիշը կարող է հայտնվել, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Նրա խոսքով՝ մասնագետները համաճարակն արդյունավետորեն վերահսկում են, ուստի ցուցանիշների կորը առանց կտրուկ բարձրացման հասել է «բարձրակետին»:
«Մեզ մոտ Վրաստանում պիկը չի եղել, մենք համատեղ միջոցառումներով հասել ենք այն բանին, որ կառավարել ենք վիրուսի տարածումը, եւ հիմա մեզ մոտ կա բարձրակետ: Սակայն դա չի նշանակում, որ ապագայում մեզ մոտ վարակակիրների թիվը չի կարող աճել: Մենք մշտապես սպասում ենք, որ հնարավոր է կստացվի որոշակի բարձրակետային ցուցանիշ»,- ասել է Թիքարաձեն:
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ այս պահին երկրում բոլոր հայտնաբերված վարակակիրներին ստացիոնարում բուժելու հնարավորություն կա:
Մեկնաբանելով տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները հանելու հարցը,- Վրաստանում արգելված է Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի եւ Քութաիսի մուտքն ու ելքը,- Թիքվարաձեն ասել է, որ դա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից:
«Հաջորդ 2 շաբաթների ընթացքում մենք կհետեւենք իրական ժամանակում ինֆեկցիայի տարածման գործակցին եւ դրանից ելնելով որոշում կընդունենք, թե հաջորդը որ հատվածը կբացվի: Այս փուլում գործակիցը բավարար է միայն այն քայլերի համար, որոնք այսօր կառավարության կողմից ընդունվել են: Երբ գործակիցը փոխվի, մենք հաջորդ որոշումը կընդունենք»,- պարզաբանել է նա:
Վրաստանում փետրվարի 26-ից ապրիլի 28-ը կորոնավիրուսով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը կազմում է 511: Անցած մեկ օրում հայտնաբերվել է 15 նոր դեպք:
Վարակվածների ընդհանուր թվից ապաքինվել է 156 մարդ, 6 պացիենտ մահացել է: Կարանտինում է մնում 5 085 մարդ, եւս 558-ը ստացիոնարներում է: