Բյուջեի դեֆիցիտը կկրկնապատկվի. ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումը
2020-ին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 260 միլիարդ դրամի պետական պարտք ներգրավել: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա` տնտեսության ծավալը (ՀՆԱ-ն) 2020 թվականին 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոն 485 միլիարդ դրամի մակարդակում: «Հարկային եկամուտները մոտ 170 միլիարդ դրամով պակաս կլինեն, քան 2020 թվականի բյուջեով էր նախատեսված: Նախատեսված 161 միլիարդ դրամի փոխարեն դեֆիցիտը 324 միլիարդ դրամ կկազմի, այսինքն` ՀՆԱ-ի 5 տոկոսը, չնայած ի սկզբանե 2.3 տոկոս էր ենթադրվում»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 4,9 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը համեստ ցուցանիշ էր համարվում, բայց հիմա կանխատեսվում է 2 տոկոսի անկում: Նա հավելեց, որ իրենք գրեթե չեն պատրաստվում ծախսերը կրճատել:
Նախարարը պարզաբանեց, որ ներկայիս պայմաններում պետական պարտքի ցուցանիշների փոփոխությունն անխուսափելի է, եւ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ այս ցուցանիշի մեծ մասը բաժին է ընկնում արտաքին պարտքին, չնայած արտաքին պարտքի մակարդակը բավականին ցածր է:
«Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կանխատեսած 0.7 տոկոս տնտեսական աճին, ապա այն գուցե հիմա արդեն այդպիսին է: Իսկ մենք մինչեւ տարեվերջ նախատեսված 4.9 տոկոսից մինչեւ 2 տոկոս անկում ենք կանխատեսում: ՀՆԱ-ի 4.1 տոկոսը կօգտագործվի կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար»,- ընդգծեց նախարարը:
Նա պարզաբանեց, որ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը չի դադարեցվի, նման քննարկումներ չեն եղել: