Սաակաշվիլին խոստանում է օգնել Վրաստանին ֆինանսներով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է օգնել երկրի կառավարությանը արտաքին ֆինանսական օգնության ներգրավման հարցում: Այս մասին նա հայտարարել է Mtavari Arkhi հեռուստաընկերության եթերում:
Պետության նախկին ղեկավարը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանը կարող է աղքատության եւ սովի բախվել: Եվ միակ բանը, որը կփրկի երկրի տնտեսությունը, արտաքին աջակցությունն է: Իսկ քանի որ ներկայիս կառավարությունը, վստահ է Սաակաշվիլին, չի կարող ներգրավել այն, նա իշխանություններին իր միջնորդական օգնությունն է առաջարկում, փոխանցում է «Գրուզիա-Օնլայն»-ը:
«Օգտագործեք ինձ արտաքին աջակցություն ստանալու համար: Ես պատրաստ եմ այցելել բոլոր օտարերկրյա մայրաքաղաքներ: Ես շատերին գիտեմ միջազգային ֆինանսական կազմակերպություններում: Ի վերջո, Դոնալդ Թրամփը երկար տարիներ շարունակ գովաբանել է ինձ ամբողջ աշխարհով եւ ինձ իր անձնական ընկերն էր անվանում: Ի վերջո, ես գիտեմ բոլոր նրանց, ովքեր առաջնորդներ են ժամանակակից աշխարհում»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին հորդորել է հետաձգել բոլոր իրավական վեճերը եւ «մինչեւ աշուն մորատորիում սահմանել»: Միեւնույն ժամանակ, ըստ նախկին նախագահի, այդ գործողությունների իրականացման համար իրենց պաշտոնական կարգավիճակ է անհրաժեշտ. «Ինձ Վրաստանի Կառավարության ժամանակավոր եւ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ տվեք միայն մեկ հարցով` արտասահմանյան օգնության որոնման: Եվ ես ձեզ երաշխավորում եմ, որ նույնիսկ եթե չկարողանամ 5,5 միլիարդ դոլար ներգրավել, ապա գումար կգտնեմ, որը կփրկի Վրաստանի տնտեսությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի երրորդ նախագահը կոչ էր արել իշխանություններին մոռանալ տարաձայնությունների մասին եւ ապահովել արտերկրում գտնվող քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նա առաջարկել է ֆինանսավորել ուկրաինական SkyUp ավիաընկերության կողմից չորս չարտերային թռիչքի իրականացումը` Վարշավայից, Բեռլինից, Հռոմից եւ Բարսելոնայից:
Իշխանությունները, սակայն, Սաակաշվիլիի առաջարկները կիսապոպուլիստական եւ «իրական հիմքերից զուրկ» են համարել: Կառավարությունում հայտարարել են, որ եթե նախկին նախագահն իսկապես ցանկանում է օգնել ճգնաժամի լուծմանը, ապա նա կարող է գումար փոխանցել հատուկ ստեղծված հիմնադրամին: