McDonald's -ը Սինգապուրում փակում է իր բոլոր ռեստորանները կորոնավիրուսի պատճառով
McDonald's կորպորացիան հայտարարել է Սինգապուրում կորոնավիրուսի պատճառով արագ սննդի իր բոլոր ռեստորաններում աշխատանքը դադարեցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Որպես կանխարգելիչ միջոց եւ Առողջապահության նախարարության խորհրդով՝ ամբողջ մանրածախ գործունեությունը կդադարեցվի ապրիլի 19-ից մայիսի 4-ը»,-նշված է ընկերության հայտարարության մեջ։
Այդ որոշումը վերաբերում է նաեւ առաքման եւ «ՄակԱվտո» ծառայություններին, պարզաբանել են ընկերությունում։ Այս շաբաթ հաղորդվել էր, որ Սինգապուրում McDonald's-ի առնվազն յոթ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։
Սինգապուրում գրանցվել է վարակման շուրջ 6 հազար դեպք, ընդ որում՝ առողջացել է 740 պացիենտ։ Պանդեմիայի կապակցությամբ իշխանությունները սահմանել են մասնակի կարանտինի ռեժիմ ապրիլի 7-ից մայիսի 4-ը։ Դա ենթադրում է բոլոր հաստատությունների փակում, որոնք չունեն սոցիալական նշանակություն եւ հիմնարար դերակատարում պետության կայուն կենսունակությունը պահպանելու համար։ Բացի այդ, դպրոցներում եւ բուհերում դասերը կատարվում են հեռավար ձեւով։ Ընդ որում՝ շարունակում են աշխատել պարենային խանութները, դեղատները, գեղեցկության սրահները, իսկ սրճարանները եւ ռեստորանները վաճառում են սնունդ միայն տանելու միջոցով։ Քաղաքում տեղաշարժման արգելք չի սահմանվել, հասարակական տրանսպորտը եւ տաքսին շարունակում են գործել բնականոն հունով։
Մինչդեռ կառավարությունը կոչ է արել բնակչությանը մնալ տանը, դուրս գալ միայն ամենաանհրաժեշտ դեպքերում, պահպանել սոցիալական հեռավորություն, չհավաքվել խմբերում։ Բացի այդ, պարտադիր է դիմակներ կրելը բոլոր վայրերում։