Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ներ ձեռք բերել, եթե մենք լավ առաջարկներ ստանանք․ Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համակարգեր եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից նման սարքավորումներ ձեռք բերել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով վաշինգտոնյան Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված ինտերնետ-սեմինարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը ԱՄՆ-ի կողմից երկար ժամանակ, 10 տարի, մեր շտապ պահանջարկները բավարարելու ցանկության բացակայության արդյունք է»,- ասել է թուրքական ԱԳՆ ղեկավարը։
«Մենք պատրաստ ենք գնել ամերիկյան Patriot համակարգեր, եթե լավ առաջարկ ստանանք։ Եւ մեր դիրքորոշումը С-400-ի հետ կապված հարցի կարգավորման շուրջ չի փոխվել՝ մենք առաջարկում ենք ԱՄՆ-ին ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ՝ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ Եւ ՆԱՏՕ-ն իրականում կարող է գլխավորել այդ տեխնիկական աշխատանքային խումբը։ Այս առաջարկությունը դեռեւս մնում է բանակցությունների սեղանին»,- նշել է Չավուշօղլուն։
Նա հայտարարել է, որ Անկարայի համագործակցությունը Մոսկվայի հետ բնական գործընթաց է։ «Ոչ մի երկիր մեր տարածաշրջանում պարտավոր չէ ընտրություն կատարել այս կամ այն պետության օգտին։ Մենք պետք է հավասարակշռված քաղաքականություն վարենք բոլոր մասնակիցների հետ։ Ռուսաստանը մեր հարեւանն է եւ շատ կարեւոր խաղացող է մեր տարածաշրջանում։ Այնպես որ, Մոսկվայի հետ համագործակցությունը բնական գործընթաց է, թեեւ դա ոչ միշտ է հեշտ ստացվում»,- ասել է նա։