Կորոնավիրուս. Իրավիճակը հարևան Վրաստանում 13.04.2020-ի դրությամբ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը կապված է, այսպես կոչված, Քոբուլեթիի կլաստերի հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Newsgeorgia-ն:
Վերջին տվյալների համաձայն` Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 266-ի: Առողջացածների թիվը դեռ անփոփոխ է` 67, չի ավելացել նաեւ մահվան դեպքերի թիվը` երեք: Կարանտինում 4.872 մարդ է գտնվում, 453 մարդ բուժվում է հիվանդանոցներում:
Այսպիսով, Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք: Այդ հիվանդներից մեկը տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, եւ նա կապված է Մառնեուլիի կլաստերի հետ:
Էզուգբայան նշել է, որ նոր հիվանդների մեծ մասը Աջարիայից է, երկու-երեք դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, եւս մի քանիսը` մարզերում: «Որքան ես գիտեմ, նրանք հիմնականում Աջարիայից են, մարզերից: Թբիլիսիում հայտնաբերվել է 2-3 դեպք: Նրանց մեծ մասը Քոբուլեթիի կլաստերից է, սակայն դեպքեր կան նաեւ Իմերեթիում»,- ասել է բժիշկը:
Քոբելուեթիում կորոնավիրուսով վարակվածի հայտնաբերումից հետո համաճարակաբանները հետազոտում են նրա հետ շփման մեջ եղած 203 մարդու:
Էզուգբայայի խոսքով` երկու հիվանդի վիճակը բարդ եւ խնդրահարույց է: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կա կորոնավիրուսով վարակված 32 պացիենտ:
«Որքան նոր պացիանտ է հոսպիտալացվում, նույքան մարդ էլ դուրս է գրվում կլինիկայից: Ելնելով դրանից` հիվանդների թիվն անընդհատ տատանվում է 30-ից 35-ի սահմաններում»,- նշել է Էզուգբայան: