Քաղաքապետարանի կողմից 30 կգ-անոց փաթեթներ են փոխանցվել 2000 տարեցների. Հակոբ Կարապետյան
Երեւան քաղաքի բյուջեից շուրջ 45 մլն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրերին. Դրա շահառուն հիմնականում միայնակ տարեցներին են, անժառանգ տարեցները: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Դրա նպատակը բացի սոցիալական աջակցությունից, նաեւ այն է, որ տնից դուրս գալու հնարավորինս քիչ առիթներ ունենան: Մասնագետների խորհրդով կազմվել է ցուցակ, կազմվել են փաթեթներ պարենային նաեւ այլ ապրանքների, խնամքի ապրանքների: Շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2 հազար տարեցների: Հաշվարկն արվել է այնպես, որ այդ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին: Հետեւաբար, այդ մարդիկ հնարավորություն ունենան մեկ ամիս դուրս չգալ տնից»,-ասաց նա:
Խոսնակը նաեւ հիշեցրեց, որ բացի այդ, քաղաքապետը վերջերս հայտարարեց, որ քաղաքապետարանի ողջ անձնակազմի պարգեւավճարային ֆոնդից 130 մլն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին. «Երեւանի քաղաքապետարանի համակարգում աշխատող շուրջ 2 հազար աշխատակիցները իրենց վարձատրության մի մասը զիջել են վարակի դեմ պայքարող շուրջ 1800 բուժաշխատողի՝ չհաշված, որ քաղաքապետը զիջել է իր մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ»: