Վրաստանի 60-ն անց քաղաքացիներին պնևմոկոկի դեմ պատվաստում կկատարեն
Վրաստանում նախատեսում են կատարել 60-ն անց քաղաքացիներին պնեւմոկոկային պատվաստանյութով պատվաստում, այս մասին այսօր հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Նախարարի խոսքով՝ արդեն կա կոնկրետ մարդկանց ցուցակ, որոնք պատվաստում են ստանալու:
«Այս փուլում մենք կոնկրետ թիվ ունենք, ինչպես նաեւ մարդկանց ցուցակ, որոնց փորձում ենք պատվաստել: Մենք աստիճանաբար կընդգրկենք 60-ն անց մեր բոլոր քաղաքացիներին»,- ասել է Թիքարաձեն «Ռուսթավի-2»-ի հետ հարցազրույցում:
Թիքարաձեն հաստատել է, որ քննարկվում է պնեւմոկոկի դեմ պատվաստումը պարտադիր պատվաստումների խմբի մեջ ներառելու հարցը, որն անցկացնելու են ամեն տարի:
Նախարարը հայտնել է, որ հետազոտություն է անցկացվել, եւ մասնագետներն այն եզրահանգման են եկել, որ Վրաստանում թոքաբորբը հաճախ է դառնում տարեցների մահվան պատճառը:
Եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում, ինչպես նաեւ հաշվի առնելով առաջատար երկրների պրակտիկան, ի գիտություն են ընդունվել մի քանի հանձնարարականներ:
«Մենք ամեն տարի հոգ ենք տանում տարեցներին, որոնք խոցելի խմբում են: Իհարկե, նրանք շատ քրոնիկական հիվանդությունների կրողներ են: Մեր մասնագետները վերլուծել են հիմնական հիվանդությունները եւ մահացության հիմնական պատճառը, որի հետեւանքով ակներեւորեն տեսել ենք, որ այս խմբերում թոքաբորբն առանձնապես զանգվածաբար է զարգացած»,- ասել է Թիքարաձեն: