«Օրենքից ավելի կոշտ պետք չի լինել». Փաշինյանը թավիշտը պակասեցնելու մասին
Պետք է ոչ թե կոշտ կամ փափուկ աշխատել, այլ երկրում պետք է հաստատվի օրենքի իշխանություն եւ օրենքի գերակայություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դատաիրավական համակարգը պետք է լիարժեք արդյունավետ աշխատի: Ուժային մարմինները որտեղ պետք է, պետք է լինեն կոշտ, որտեղ պետք է՝ մեղմ լինեն: մենք այդ ճանապարհով գնում ենք: Ոմանք մեզ մեղադրում են փափուկ աշխատելու մեջ, ոմանք էլ շատ կոշտ աշխատելու մեջ, ոմանք էլ մեղադրում են չափից ավելի կոշտ աշխատելու մեջ: Բոլորի ճիշտ համաձայնեցումը օրենքն ու իրավունքն են, արդյունավետ իրավապահ համակարգը, արդյունավետ դատական համակարգը»,-ասաց նա:
Հարցին, թե թավիշը երբ է պակասելու, որը շատերն ընդունում են որպես թուլություն, Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պետք է երկրում լինի լավ մթնոլորտ: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ պետք է շարունակենք այդպիսին մնալ: Մենք չենք եղել եւ չենք լինելու դիկտատուրա, բայց կարծում եմ, որ իշխանությունը, այո, պետք է լինի կոշտ, ինչը հավասար է օրինական: Օրենքից ավելի կոշտ կամ պակաս կոշտ պետք չի լինել»: