Կորոնավիրուսը բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաև վերին շնչուղիներում և աղիների մեջ. Nature
Նոր կորոնավիրուսը բազմանում է մարդու օրգանիզմում ոչ միայն թոքերում, այլեւ վերին շնչուղիներում եւ աղիների մեջ: Այս մասին ասված է գերմանացի եւ բրիտանացի գիտնականների նոր համատեղ ուսումնասիրության մեջ, որը դեռեւս գրախոսում չի անցել եւ ուղարկվել է Nature ամսագրում հրապարակման համար:
Հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19-ի 9 դեպք: Այս հիվանդներից յուրաքանչյուրի խորխում կորոնավիրուս է գտնվել, ընդ որում, դրա պարունակությունը հատկապես բարձր է եղել հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում:
Հետաքրքիր է, որ SARS-CoV-2-ով վարակված հիվանդի մոտ վերին շնչուղիներում եւ թոքերում SARS-CoV-2-ի տարբեր շտամեր են գտնվել, ինչը ցույց է տալիս դրանց անկախ զարգացումը միմյանցից: Ընդ որում, մեզն ու արյունը SARS-CoV-2-ի դրական արդյունք երբեք ցույց չեն տվել:
Ըստ մասնագետների` SARS-CoV-2-ի առկայությունը վերին շնչուղիներում նպաստում է հիվանդության թույլ դրսեւորմամբ հիվանդներից վարակի անտեսանելի փոխանցմանն առողջներին:
«COVID-19-ը կարող է դրսեւորվել որպես վերին շնչուղիների մեղմ հիվանդություն: Վիրուսի ակտիվ վերարտադրությունը վերին շնչուղիներում ապագայում COVID-19-ի պոտենցիալ հնարավորություն է ներկայացնում»,- նշվում է հոդվածում: