Հարկային պարտավորությունների մասով որևէ հետաձգում չի նախատեսվում. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Արտակարգ դրությունը հարկային պարտավորություններից չի ազատում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ունեն այդպիսիք: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ հարկերի վճարման մասով որեւէ հետաձգում չի նախատեսվում:
«Սակայն հարկ է նշել, որ հարկերը վճարում են նրանք, ովքեր շրջանառություն, եկամուտ եւ շահույթ ունեն: Ըստ այդմ, հարկեր չեն վճարում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք այս ժամանակահատվածում պարտավորություններ չունեն»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը հատկապես կարեւոր է ճգնաժամի պայմաններում, երբ Կառավարությունը տնտեսական եւ սոցիալական աջակցության միջոցառումներ է ձեռնարկում: