Թաիլանդում փղերին սովամահություն է սպառնում կորոնավիրուսի համավարակի հետևանքով
Թաիլանդում հազարից ավելի փղեր հայտնվել են կորոնավիրուսի տարածման հետեւանքների պատճառով քաղցից ոչնչանալու սպառնալիքի տակ, փոխանցում է BBC News-ը:
Բնության պաշտպանները հեռուստաալիքին հայտնել են, որ համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը հանգեցրել է տուրիզմի ոլորտում եկամուտների կտրուկ կրճատման:
Իսկ սա իր հերթին նշանակում է այցելուների գործնականում լիակատար բացակայություն, ինչը փղերի վերակացուներին ստիպել է պայքարել անազատության մեջ ապրող շուրջ 4 հազար կենդանիների սնունդը հայթայթելու համար:
Հեռուստաալիքը նշում է, որ փղերն ամեն օր ուտում են մինչեւ 200 կգ կեր:
«Եթե առաջիկայում աջակցություն չտրամադրվի նրանց անվտանգության ապահովման համար, այս փղերը, որոնցից մի քանիսը հղի են, կա՛մ քաղցից մահանալու են, կա՛մ ողորմություն են խնդրելու փողոցներում»,- հայտարարել է Փղերի փրկության հիմնադրամի հիմնադիր Լեկ Չայլերթը:
Թաիլանդում, վերջին տեղեկություններով, գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1651 դեպք: