ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։
Նշենք, որ վաղը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության և ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Հարցի զեկուցողը Արտակ Մանուկյանն է։
ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Նրա ժամկետը լրանում է հունիսին։
««Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը եւ ես որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ անձամբ կողմ եմ եղել այդ թեկնածությանը, քանի որ որոշակի մասնագիտական շփում ենք ունեցել ու կարծում եմ, որ առկա պայմաններում մասնագիտական տեսանկյունից բավականաչափ պատրաստված թեկնածու ունենք»,- ասաց Մանուկյանը։
Խոսելով ընթացակարգի մասին նա նշեց, որ վաղը հանձնաժողովի նիստում կներկայացնի Գալստյանի թեկնածությունը և եթե այն դրական եզրակացություն ստանա, ապա դա կգնա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. «Դա կնշանակի, որ ապրիլի 14-ի լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկություն կլինի։ Իսկ, եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տա՝ 10-օրյա պատուհան է բացվում, որի ժամանակ մյուս խմբակցությունները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին»։
Մանուկյանն ասաց, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։
Նշենք, որ մինչ այս մամուլը տեւական ժամանակ գրում էր, թե իշխող ուժն այս պաշտոնում առաջադրելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Մարտին Գալստյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ 04.05.1978
Կրթություն
1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ
1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու
2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս
Վերապատրաստում
2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն
2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե
2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա:
Աշխատանքային գործունեություն
1998-2015 ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ։
2015-2018 Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ։