Ռեկտորներին առաջարկել եմ մինչեւ արտակարգ դրության ավարտը վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել. Նախարար
Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչեւ արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել եւ ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե դիմումներ է ստացել, որոնցով ուսանողները հայտնել են, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները:
«Ես քիչ առաջ գրություն եմ ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկում եմ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց»,-մանրամասնեց նախարարը:
Նա առաջարկել է նաեւ արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձի վճարման ժամանակացույց: «Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասաց Հարությունյանը՝ հորդորելով հնարավորության դեպքում կատարել վճարումները, քանի որ դրանք լուրջ ֆինանսական հոսք են ապահովում բուհերի համար, եւ աշխատակիցների աշխատավարձերն այդ հոսքերից են վճարվում:
Արայիկ Հարությունյանը միաժամանակ ուսանողներին կոչ արեց, որ եթե ունեն հնարավորություն, անպայման հիմա վճարեն վարձերը, որովհետեւ բուհերի եկամուտները, այդ թվում դասախոսների աշխատավարձերը այդտեղից են նաեւ գոյանում:
Առավել մանրամասները՝ տեսանյութում: