Փորձում էին կոտրել ՖԲ էջս. Politik.am կայքի գլխավոր խմբագիր
Փորձում են կոտրել ՖԲ էջս․ էջիցս հեռացվել են Մանե Գևորգյանի, Հովիկ Աղազարյանի և մարզպետի մասին գրառումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում երեկ կեսգիշերին գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։
Բորիս Մուրազիի խոսքով՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից։
«Ինձ հետ կապվում է Մանե Գևորգյանը և շատ բարկացած տոնով խոսում է, ես Մանե Գևորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելուց և ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գևորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազարով տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գևորգյանը հրաժարվում է նաև ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կապահանջեն, որ նյութը հեռացնեք»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում պատմել է Բորիս Մուրազին։