Այս տարի Պորտուգալիայի տնտեսությունը ռեցեսիայի մեջ կհայտնվի. ԿԲ
Պորտուգալիայի տնտեսությունն այս տարի ռեցեսիայի մեջ կհայտնվի, քանի որ կորոնավիրուսի բռնկումը կազդի մասնավոր սպառման ու ներդրումների վրա, իսկ երկրի արտահանման ոլորտը կփլուզվի, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Կենտրոնական բանկի հայտարարությունը:
Պորտուգալիայում կորոնավիրուսի 3544 դեպք է գրանցվել, մահացել է 60 մարդ:
Պորտուգալիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 3.7-ից մինչեւ 5.7 տոկոս: Անցյալ տարի տնտեսությունն աճել էր 2.2 տոկոսով: Մասնավոր սպառումը կնվազի 2.8-ից 4.8 տոկոսով, իսկ արտահանումը կնվազի 12.1-ից 19.1 տոկոսով: Մասնավոր ներդրումները կնվազեն 10.8-ից 14.9 տոկոսով:
Գործազրկության մակարդակն այս տարի կբարձրանա մինչև 10.1-11.7 տոկոս` 2019-ի 6.6 տոկոսի համեմատ:
«Պորտուգալիայի տնտեսության հեռանկարը կտրուկ ու զգալիորեն վատթարացել է Covid-19-ի համաճարակի ազդեցության արդյունքում: Բռնկումը «շատ նշանակալի ու երկարաժամկետ հետևանքներ կունենա»,- նշվում է Պորտուգալիայի բանկի հայտարարության մեջ:
Պորտուգալիայի տնտեսությունը, որը հիմնականում հիմնված է արտահանման, զբոսաշրջության ոլորտների և մասնավոր ներդրումների վրա, 2014 թվականից կայուն աճ էր ապրում: