ԲԴԽ-ի ղեկավարը տարօրինակ պատկերացումներ ունի արդարադատության մասին. Քոչարյանի փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի գործողությունները:
Հիշեցնենք, որ խոսքը ԲԴԽ-ի ղեկավարի արձագանքի մասին Քոչարյանի երկու փաստաբանների եւ Յուրի Խաչատուրովի փաստաբանի գործողություններին: Նախորդ նիստին, որը չէր կայացել, փաստաբանները ժամանակ էին ձգում, մինչեւ նրանց կհայտնեին դատավորի բացակայության պատճառը եւ հաջորդ նիստի օրը, ընդ որում, փաստաբաններից մեկը նստել էր դատավորի աթոռին, մյուս փաստաբանը` դատախազի աթոռին: Չգիտես ինչու, այս գործողությունները վրդովվեցրել էին ԲԴԽ-ի ղեկավարին, որը նամակ է ուղղել Փաստաբանների պալատ` փաստաբանների գործողությունները անհարգալից համարելով:
Մեկնաբանելով իրավիճակը` Հայկ Ալումյանը մարտի 24-ին հրավիրված ասուլիսին նշել էր. «Պատկերացրեք նրա մտածելու ձեւ, արդարության եւ հավասարության մասին նրա պատկերացումները: Պատկերացրեք ամբաստանյալի վիճակը դատարանում նրա նախագահության ժամանակ»:
«Նիստ չկար: Կային միայն փաստաբաններն ու դատական կարգադրիչները»,- հիշեցրել է փաստաբանը` հավելելով, որ դատավորի տեղում նստելու եւ նույնիսկ լուսանկարվելու մեջ որեւէ անհարգալից բան չկա: Փաստաբաններին արդեն իսկ աջակցություն են հայտնել նրանց գործընկերներն ու իրավապաշտպանները` յուրատեսակ ֆլեշմոբ նախաձեռնելով համացանցում: «Եթե օրենքով ինչ-որ բան արգելված չէ, ինչպե՞ս կարող է ԲԴԽ-ի նախագահը, այդ պաշտոնը զբաղեցնող անձը դա անհարգալից համարել եւ դիմել Փաստաբանների պալատ»,- հարց է ուղղել փաստաբանը` տեղի ունեցածը որպես իրավաբանական մտքի անկում գնահատելով: