Ներկայում գոյություն չունեն դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են ճանաչվել COVID-19-ի դեմ․ ԱՀԿ
Չստուգված դեղամիջոցների առանց ապացուցված բազայի օգտագործումը COVID-19-ի դեմ մարդկանց կեղծ հույսեր է տալիս եւ կարող է հանգեցնել այլ հիվանդությունների դեմ դեղամիջոցների անբավարարության, Ժնեւում անցկացված ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ընդունում ենք, որ կա արդյունավետ դեղամիջոցների ծայրահեղ անհրաժեշտություն։ Ներկայում գոյություն չունեն նման դեղամիջոցներ, որոնք արդյունավետ ճանաչվեն COVID-19-ի դեմ։ Փոքր ոչ տարատեսակ դիտարկումները եւ հետազոտությունները չեն տա մեզ այն պատասխանները, որոնք անհրաժեշտ են։ Չստուգված դեղամիջոցների առանց անհրաժեշտ ապացուցման օգտագործումը կարող է կեղծ հույսեր տալ եւ ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ»,- ասել է նա։
ԱՀԿ տնօրենի խոսքերով՝ ինքը մտադիր է դիմել G20-ի առաջնորդներին՝ խնդրելով մեծացնել անհատական պաշտպանական միջոցների արտադրությունը եւ չարգելել դրանց արտահանումը, որպեսզի առաջին հերթին ապահովվեն բուժաշխատողները։
«Համավարակը թափ է հավաքում։ Առաջին գրանցված դեպքից մինչեւ 100 000-րդ դեպք անցել է 67 օր, մինչեւ 200 000-րդ՝ 11 օր եւ ընդամենը 4 օր է անցել մինչեւ 300 000-րդ դեպքը»,- նշել է նա։ ԱՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ խիստ սահմանափակումները, որոնք մտցրել են երկրները, կդանդաղեցնեն վիրուսի տարածումը, սակայն կարող են մեծացնել պաշտպանական միջոցների եւ դրանց պատրաստման համար անհրաժեշտ նյութերի անբավարարությունը։