Լուիս Սուարես․ Երբ «Բարսելոնան» վերադառնա, ես պատրաստ կլինեմ խաղալ
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի վերադարձը խաղադաշտ սպասվում է մայիսին։ 33-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ աջ ծնկի վնասվածքից հետո վերականգնողական փուլը սպասվածից արագ է ընթանում եւ մայիսին պատրաստ կլինի խաղալ։
«Երբ թիմը վերադառանա կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված դադարից հետո, ես պատրաստ կլինեմ խաղալ։ Ենթադրում եմ, որ ես պատրաստ կլինեմ մայիսի առաջին օրերին, բայց ամեն ինչ ավելի արագ է ստացվում։ Ես լավ եմ կատարել վերականգնողական փուլի աշխատանքը, եւ դա թույլ կտա վերադառնալ նախատեսվածից շուտ։
Պանդեմիայի հետ կապված կարող եմ ասել, որ պետք է զգոն լինել եւ հասկանալ, որ մարդիկ հիմա սպասում են ոչ թե ֆուտբոլային հանդիպման, այլ առանց վախի փողոց դուրս գալուն, երեխաների հետ այգի գնալուն եւ դարձյալ կյանքը վայելելուն»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
33-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր հունվարին, փետրվարին քայլում էր հենակների օգնությամբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը մասնակցել է 17 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։