Գերմանիայում գնացքի վթար նախապատրաստելու կասկածանքով տղամարդ է կալանավորվել
Ոստիկանությունը շաբաթ օրը, մարտի 21-ին, կալանավորել է Գերմանիայի 51-ամյա քաղաքացու, որը ենթադրաբար, Նիդերնհաուզենում կամրջի շրջանում երկաթգծի 80 մետրանոց հատվածում թուլացրել է ռելսերի ամրակները։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Մայնի Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազին, հայտնում է DW-ն։
Քյոլնի եւ Ֆրանկֆուրտի միջեւ վտանգավոր վայրը մեքենավարի կողմից հայտնաբերվել է մարտի 20-ին այն բանից հետո, երբ նա շեղումներ է նկատել գնացքի շարժման մեջ։ Դրանից հետո երկաթուղու այդ հատվածը փակվել է։
Spiegel Online-ի տվյալներով՝ կասկածյալը չունի մշտական բնակության վայր։ Մի քանի ամիս առաջ նրան ազատել են Նյուրնբերգի քրեակատարողական հիմնարկներից մեկից։ Այնտեղ նա, ըստ լրատվամիջոցի, պատիժ էր կրում շանտաժի համար։ Նրա ավտոմեքենայում գտնվել են գործիքներ, որոնց օգնությամբ տղամարդը, ենթադրաբար, թուլացրել է ամրակները։ Նրա արարքի պատճառները չեն հստակեցվում։
Շաբաթ օրը Ֆրանկֆուրտի եւ Քյոլնի միջեւ երկաթուղային հաղորդակցությունն ամբողջովին վերականգնվել էր։