Անհասկանալի է նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառը. Հերքում եմ տարածված կեղծ լուրերը. Առուշ Առուշանյան
Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ խուզարկություններ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գորիսում տեղի են ունեցել խուզարկություններ և հարցաքննություններ, սակայն որևէ անձ դատավարական կարգավիճակ չունի, բացի այդ նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել` արդյոք այդ գործը կապված է քաղաքապետի անվան հետ, թե` ոչ:
Գորիսի քաղաքապետն էլ News.am լրատվականի հետ զրույցում հերքել է մամուլում տարածված այն լուրը, որ իրեն ձերբակալել են և հավաստիացրել, որ ինքը իր աշխատավայրում է: Նա նաև հերքել է, թե իր տանը խուզարկություն է տեղի ունեցել:
Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Այսօր ArmDay.am կայքը «Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը» վերտառությամբ հերթական ստահոդ, զրպարտություն հանդիսացող ապատեղեկատվությունն է տարածել: Լրատվամիջոցի տարածած անհեթեթ տեղեկությունը որևէ կապ չունի իրականության հետ, որևէ ձերբակալություն չի եղել, այս պահին էլ աշխատանքի վայրում եմ: Անհասկանալի է նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառը: Հերքում եմ տարածված կեղծ լուրը և վերոնշյալ լրատվամիջոցին հորդորում որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը, իսկ եթե նշված հրապարակումը ոչ թե կեղծիք տարածելու միտումնավոր դրսևորում է, այլ պարզապես թյուրիմացություն, կարծում եմ, որ նշված նյութի հեղինակը կհերքի իր իսկ տարածած զրպարտությունը»: