Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 49-ի
Եւս մեկ կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Վրաստանում։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Covid-19 վարակի կանխման եւ դրա դեմ պայքարի շտաբի կայքէջում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 49։
Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 26-ին՝ Վրաստանի քաղաքացու մոտ, որը Ադրբեջանով Իրանից երկիր էր ժամանել։ Օրերս բժիշկները հայտարարեցին, որ այդ պացիենտը առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցից։
Ներկայում Վրաստանում կարանտինի մեջ է 2000 մարդ, իսկ հիվանդանոցներում՝ 300 մարդ։
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մինչեւ ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն կմտցվի, որը չի նախատեսում պարետային ժամ եւ համընդհանուր կարանտին։
Միաժամանակ, բժիշկների կողմից սահմանված կարանտինի կամ ինքնամեկուսացման կանոնները խախտողները հարկադրաբար կմեկուսացվեն հատուկ հաստատություններում։ Բացի այդ, նրանք ստիպված կլինեն տուգանք վճարել․ ֆիզիկական անձինք՝ 3000 լարի (1000 դոլար), իրավաբանական անձինք՝ 15 000 լարի (5000 դոլար)։