Ի՞նչ է պետք Հայաստանում դատավոր դառնալու համար. Օրինագծի քննարկում խորհրդարանական հանձնաժողովում
Հայաստանում եթե դատավորի թեկնածուն մագիստրոսական կրթություն չունի, ապա նա գոնե պետք է ունենա 15 տարվա մասնագիտական ստաժ: Այս մասին մարտի 20-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Դավթյանը:
Պատգամավորը, մասնավորապես, պարզաբանեց, որ գործող օրենսդրությամբ 28-ից մինչեւ 60 տարեկան Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք իրավունք ունեն ներառվելու դատավորի ընտրության համար թեկնածուների ցուցակի մեջ, եթե դրանից առաջ ստացել են Հայաստանի Հանրապետությունում իրավագիտության բակալավրի եւ մագիստրոսի աստիճան կամ բարձրագույն իրավաբանական կրթության աստիճան, կամ համապատասխան աստիճան են ստացել ուրիշ երկրում, որոնց համարժեքության ճանաչումն ու հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են գործող օրենսրության համաձայն:
«Այս առաջարկում «իրավագիտության բակալավր եւ մագիստրոս» արտահայտությունը հարկ է փոխարինել «իրավագիտության բակալավր» արտահայտությամբ: Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն, աշխատանքային 15 տարվա փորձ, իսկ տարիքը պետք է 40-ից պակաս չլինի: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվում են ավելի քիչ պահանջներ, քան առաջին ատյանի դատավորին, որի համար պահանջվում է նաեւ մագիստրոսի աստիճանի առկայություն: Ուստի ես առաջարկում եմ, որ եթե մարդը չունի մագիստրոսական կրթություն, նա դա կարող է փոխհատուցել 15 տարվա մասնագիտական ստաժով»,- շեշտեց օրինագծի հեղինակը:
Իշխող դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին Դավթյանից հետաքրքրվեց՝ 15-ամյա իրավաբանական փորձը տարածվո՞ւմ է այն անձանց վրա, ովքեր, օրինակ, իրավաբան են աշխատում լիմոնադի արտադրության որեւէ ձեռնարկությունում, բայց դրա հետ մեկտեղ երազում են դատավոր դառնալ:
Օրինագծի հեղինակը պատասխանեց, որ գործող օրենսդրությամբ կան թեկնածուներին ներկայացվող որոշակի պահանջներ, որոնք, օրինակ, ցանկանում են դառնալ Սահմանադրական դատարանի դատավոր:
«Նրանք պարտավոր են ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն եւ 15 տարվա աշխատանքային փորձ, եւ եթե այդ մարդիկ իրավաբան են անգամ լիմոնադի արտադրության ընկերությունում, նրանք նույնպես ՍԴ դատավոր դառնալու իրավունք ունեն»,- նշեց Դավթյանը:
Նշենք, որ բավականին երկար քննարկումներից հետո, որը տեւեց 2 ժամից ավելի, խորհրդարանական հանձնաժողովը այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց, սակայն միայն մասնակի: