Լիտվայից դեպի Հայաստան. Ինչպե՞ս են մեր հայերն ապրում Լիտվայում և ի՞նչն է խանգարում վերադառնալ և ապրել հայրենիքում
Շատերին կհետաքրքրի, թե ինչպես են մեր հայրենակիցներն ապրում այլ երկրներում և թե ինչու նրանք չեն ուզում վերադառնալ: Operativ.am-ը որոշել է կապ հաստատել տարբեր երկրներում ապրող հայերի հետ: Այս անգամ կփորձենք ներկայացնել Լիտվայում ապրող հայերի և հայ համայնքի գործունեության մասին: Այդ նպատակով կապ ենք հաստատել Լիտվայում արդեն 18 տարի բնակվող Արշակ Սարգսյանի հետ:
-Ի ՞նչ կասեք Լիտվայի հայկական համայքի մասին:
Լիտվայում կա մոտ 2700 հայ, իսկ համայնքները երեքն են: Ամենաակտիվ համայնքը «Վան» համայքն է: Հայերն այստեղ խոսում են լիտվերեն, իսկ մեծ մասը` ռուսերեն: Հայերեն շատ քիչ են գործագործում:
Այստեղ ունենք հայկական դպրոց և հայկական պարի խմբակ, որտեղ երեխաները սովորում են հայկական պարեր: Դպրոցներում ունենք նաև հայերեն գրքեր:
Ավելի շատ այստեղ ավագ սերնդի ներկայացուցիչներ են, իսկ երիտասարդները հիմնականում մեկնում են եվրոպական երկրներ` աշխատելու և սովորելու:
-Արդյո՞ք Լիտվայում բնակվող հայերը ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ և այստեղ ապրել:
Եթե անկեղծ լինեմ, ապա` ոչ: Պատճառները շատ են, առաջին հերթին` սոցիալական պայմանները: Լիտվայում միջին աշխատավարձը Հայաստանի համեմատ բավական բարձր է:Մենք` այստեղի հայերս, գրեթե ամեն ամառ գալիս ենք Հայաստան, քանի որ, ամեն դեպքում, կարոտ կա:
-Ի՞նչ միջոցառումներ կամ նախաձեռնություններով է հանդես գալիս համայնքը և, ընդհանրապես, հայերը:
Չեմ կարող ասել, որ բոլոր հայերն են հավաքվում, սակայն հարյուրից ավելի ենք լինում: Հատկապես Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցոռումներ են կազմակերպում: Զոհվածների հիշատակը հարգող երեկո ենք կազմակերպում, որի ընթացքում հրավիրում ենք նաև պատմաբանի:
Այս տարի մեծ շուքով նշեցինք նաև Վարդավառը: Հայկական բոլոր տոներն այստեղ հայեցի ենք նշում: Եթե Հայաստանում այսօր հարսանիքները եվրոպական ոճի են, ապա այստեղ հարսանիքները հայկական ավանդույթներին համապատասխան են: Ճիշտ է, շատ են խառնամուսնությունները, սակայն ամեն ինչ հայկական ոգով ենք անում:
Վերջերս մեզ էր այցելել նաև Ջիվան Գասպարյանը, ով համերգով հանդես եկավ: Զարմանալի է, բայց հանդիսատեսի մեծ մասը լիտվացի էր: Նրանք հետաքրքրված են հայ մշակույթով և մեր սովորույթներով:
-Ինչո՞վ են զբաղվում Լիտվայում գտնվող հայերը:
Հիմնականում այստեղ զբաղվում են ռեստորանային և սրճարանային բիզնեսով: Ռեստորաններն ունեն հայկական անուններ: Ճաշացանկում, հայկական ուտեստներին զուգահեռ, նաև լիտվական խոհանոցն է ներկայացված: Շատ հաճախ, երբ լիտվացիների մոտ ասում ենք հայկական խոհանոց, նրանք պատկերացնում կծու ուտեստներ, քանի որ լիտվացիները կծու չեն սիրում:
-Ինչպե՞ս են հայերին վերաբերվում լիտվացիները:
Հայերին լավ են վերաբերվում: Այստեղ ռասսայական կամ կրոնական խտրականություններ չկան: Այստեղ կա նաև ադրբեջանական և թուրքական համայնք: Համայնքների հետ խնդիրներ չեն առաջանում: Մենք այստեղ ունենք շատ լավ հայ բժիշկներ, ովքեր աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով: Սակայն, երբ գործը հասնում է քաղաքականությանը, հայերին ավելի քիչ տեղ են տալիս, քան ադրբեջանցիներին:
-Կգա արդյո՞ք այն օրը, երբ կուզեք վերադառնալ Հայաստան:
Կարևորը, որ այդտեղ ճնշված ու ծառա չզգաս, այլ քեզ մարդ զգաս: Այստեղ ծանոթ-բարեկամ հարաբերությունները չեն խառնվում գործնականին: Եթե ունես խելք, ապա ունես նաև գործ: Գործի մեջ գործընկերներ ենք, կյանքում` լավ բարեկամներ: Եթե, վերջապես, մարդկանց կյանքն այդքան դժվարացնող սոցիալական պայմանները բարելավվեն և մի շարք այլ խնդիրներ լուծվեն, ապա աշխարհի բոլոր հայերը կուզեն վերադառնալ Հայաստան:
Զրուցեց` Գայանե Մելիքյանը