Ինդոնեզիայում փորագրություններով քարեր են հայտնաբերվել, որոնք արդեն 26 հազար տարեկան են
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներից մեկում փորագրություններով ծածկված երկու քարե գտածո է հայտաբերվել: Քարերի վրա, որոնք ենթադրաբար 26 հազար տարեկան են, արեւ եւ գոմեշ է պատկերված, փոխանցում է Planet-îro-ն` վկայակոչելով Phys.org-ը:
Ինդոնեզիայում գտնվող Սուլավեսի կղզին հնագետների շրջանում վաղուց հայտնի է քարանձավային գեղանկարչության չափազանց հին նմուշներով: Կղզում հայտնաբերված նկարների մի մասը մոտ 44 հազար տարեկան է, այսինքն, խոսքը քարանձավային նկարների ամենահին օրինակներից մեկի մասին է:
Կղզու վրա վերջերս իրականացված հնագիտական արշավախմբի շրջանակներում գիտության համար էլ ավելի արժեքավոր մի բան է հայտնաբերվել, քան ավանդական քարանձավային գեղանկարչությունը` փորագրություններով քարեր, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են 26 հազար տարի առաջ: Ճշգրիտ թվագրում դեռ չի արվել, սակայն գիտնականներն այժմ արդեն կասկած չունեն, որ արտեֆակտները սառցե դարաշրջանի վերջին վկաներն են:
«Քարերից մեկի վրա անոա` գաճաճ գոմեշ է պատկերված, մյուսի վրա ճառագայթներով արեւի խորհրդանշական պատկեր է: Սրանք բավականին փոքրիկ արտեֆակտեր են, ուստի կարող ենք ենթադրել, որ դրանք գրպանի թալիսմանների նման մի բան են եղել: Կամ այսպիսի քարեր կարող էին օգտագործվել ինչ-որ կրոնական ծեսերի ժամանակ: Ամեն դեպքում, գտածոները եզակի են. նախկինում հնագետներն արվեստի այսպիսի փոքրիկ եւ հնագույն առարկաներ դեռ չէին հայտնաբերել Ասիայում»,- ուսումնասիրելով հնագույն քարերը` նշել են Բրիսբենի (Ավստրալիա) համալսարանի լաբորատորիայի աշխատակիցները: