Հնդկաստանում կամավորը COVID-19-ից պաշտպանվելու համար կովի մեզ է խմել, հիվանդացել եւ բողոքել ոստիկանությանը
Հնդկաստանում իշխող կուսակցության ակտիվիստը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսից պաշտպանվելու համար կովի մեզի երեկույթի ժամանակ կամավորին ստիպել է դրանից խմել, քանի որ համավարակի պայմաններում աճում է ժողովրդական միջոցների հանդեպ հետաքրքրությունը։
«Բխարատիա ջանատա» կուսակցության ակտիվիստ Նարայան Չատերջին Արեւմտյան Բենգալիա նահանգի ոստիկանության կողմից ձերբակալվել է «կովի մեզ օգտագործելու միջոցառում կազմակերպելու եւ կամավորին կովի մեզ խմել հարկադրելու համար»։ Դրանից հետո կամավորը հիվանդացել է եւ բողոք ներկայացրել ոստիկանություն, հայտնում է AFP-ը։
Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է համարվում, եւ շատերը հավատում են, ու կովի մեզը դեղամիջոց է բոլոր հնարավոր հիվանդությունների դեմ՝ արթրիթից եւ ասթմայից մինչեւ քաղցկեղ ու շաքարախտ։
Անցյալ շաբաթ տասնյակ հնդուիստ ակտիվիստներ կովի մեզով երեկույթ են անցկացրել Նյու Դելիում, նրանք կավե բաժակներով մեզ են խմել, որպեսզի պայքարեն COVID-19-ի դեմ։
Կաթ վաճառողը նույն նահանգում ձերբակալվել է կովի մեզ եւ գոմաղբ վաճառելու համար, նա պնդել է, որ դրանք «նոր կորոնավիրուսին ահի մեջ կպահեն»։
Նա կովի մեզի մեկ լիտրը վաճառել է 500 հնդկական ռուպիով (6,69 դոլար), իսկ գոմաղբի 1 մեկ կիլոգրամը 400 ռուպիով։ Ընդ որում, նա իր խանությում կախել է պաստառ, որի վրա գրված է եղել․ «Խմեք կովի մեզ, որպեսզի կանխեք կորոնավիրուսը»։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ի 151 դեպք, երեք մարդ մահացել է։
Դպրոցների, զվարճանքի վայրերի, կինոթատրոնների մեծ մասը եւ նույնիսկ հայտնի Թաջ Մահալը փակ են։