Դատապարտում եմ Մարտունիի քաղաքապետի պահվածքը. Մասիս Մայիլյան
Դատապարտում եմ քաղաքապետի պահվածքը եւ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ քայլը կլինի իր կողմից հրաժարականի ներկայացումը։ Այս միջադեպը նաեւ ինձ հիշեցրեց բերձորյան դեպքերը այն առումով, որ նույն տրամաբանության մեջ էր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պատկան մարմինները անում են իրենցից կախվածը կորոնավիրուսը վերահսկողության տակ պահելու եւ տարածումը կանխարգելելու համար, բայց մենք էլ մեզնից կախվածը պետք է անենք, որ այդ չարիքից ազատվենք։ Երիտասարդների կողից կա հետաքրքիր նախաձեռնություն, որ Ստեփանակերտի դեղատներից գնում են հիգիենայի պարագաները եւ հասցնում համայնքներում ապրողներին՝ հաշվի առնելով, որ շատ համայնքներում չկան դեղատներ։ Այս նախաձեռնությունը ողջունելի է եւ կոչ կանեի աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։
Առաջինն եմ ընտրել այս ձեւաչափը, որ ստեղծված պայմաններում ավելի շատ շփվենք ֆեյսբուքյան լայվի կամ այլ օնլայն հարթակների միջոցով։ Նաեւ սահմնափակել ենք ուղիղ շփումները հատկապես փակ տարածքներում։ Եթե հանդիպումներ ենք ունենում, դրանք իրականացնում ենք բացօթյա, ինչպես նաեւ մասնակիցներին տրամադրում ենք համապատասխան հիգիենայի պարագաներ։ Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կհաղթահարենք այս մարտահրավերը եւս եւ առանց կորստի դուրս կգանք այս իրավիճակից։ Քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ եւ կոչ եմ անում, որ հետեւեք պատկան մարմիների եւ մասնագետների խորհուրդներին, որ վարակը չտարածվի մեր երկրում։
Ինչպես գիտեք՝ օրերս Մարտունի քաղաքի մուտքի մոտ գործող քաղաքապետը արգելել է Արցախի Հեղափոխական կուսակցության անդամների մուտքը դեպի քաղաք՝ դրանով խոչընդոտելով այդ կուսակցության քարոզարշավը։ Ողջունելի է, որ Արցախի ՄԻՊ գրասենյակը դատապարտել է այդ գործողությունը՝ ասելով, որ քաղաքապետի գործողությունները անընդունելի են եւ փաստորեն մի խումբ մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքն է խախտվել, եւ նշված է, որ ՏԻՄ ղեկավարները, չնայած իրենց քաղաքական նախասիրություններին, պետք է աջակցեն տարբեր թեկնածուների, որ կարողանան ազատորեն իրականացնեն իրենց քարոզարշավը, առնվազն չպետք է խոչընդոտեն։
Դատապարտում եմ քաղաքապետի պահվածքը եւ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ քայլը կլինի իր կողմից հրաժարականի ներկայացումը։ Այս միջադեպը նաեւ ինձ հիշեցրեց բերձորյան դեպքերը այն առումով, որ նույն տրամաբանության մեջ էր։
Նաեւ խնդրահարույց էին երեկ Ստեփանակերտում ոստիկանության կողմից կատարված գործողությունները նույն կուսակցության անդամների հանդեպ, որոնք փորձում էին ավտոերթ կազմակերպել քաղաքի մեջ։ Կարծում եմ, որ չի կարելի ժողովրդի հետ խոսել ուժի լեզվով, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում կան քաղաքական երկխոսության տարբեր ձեւեր։ Միեւնույն ժամանակ ընտրական այս գործընթացում ես կոռեկտության եւ զսպվածության կոչ եմ անում։ Բոլորիս համար պետք է գերնպատակ լինի, որ կայանալիք համապետական ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ»,- ասել է նա։