Համաճարակը փորձում է ՆԱՏՕ-ի ամրությունը. Ստոլտենբերգ
Նոր կորոնավիրուսի բռնկումը փորձում է ՆԱՏՕ-ի ամրությունը, բայց դաշինքը պահպանում է առաքելություններ իրականացնելու իր ունակությունը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ներկայացնելով 2019 թվականի ՆԱՏՕ-ի վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որոշ զորավարժություններ մոդիֆիկացվել կամ չեղարկվել են: Բայց դա չի ազդում ՆԱՏՕ-ի` իր օպերացիաներն իրականացնելու կարողության վրա: Համաճարակը փորձում է ՆԱՏՕ-ի ամրությունը, բայց մենք կհաղթենք նրան»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը վերանայել է իր զորավարժությունների ամբողջ ծրագիրը կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված: «Մենք չեղարկել ենք մի շարք զորավարժություններ, հետաձգել կամ փոփոխել ենք որոշների ձեւաչափը», - ասել է նա: Ստոլտենբերգը շեշտել է, որ այս տարվա խոշորագույն Defender 2020 ռազմավարական զորավարժությունները «չեն չեղարկվել, սակայն վերանայվել է դրանց ձևաչափը եւ կրճատվել են անցկացման մասշտաբները»