Մենք մեր առջև խնդիր չենք դրել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը. ՀՀ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Կառավարության նիստում (Տեսանյութ)
Այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է ավելի ուժեղացած դուրս գանք: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարություն ու ռազմավարությունը. «Ուզում եմ ասել, որ մեր որոշումը միանշանակ է, մենք մեր առաջ խնդիր չենք դրել եւ չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը լավն էր Հայաստանում: Մենք խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք եւ իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ իհարկե, հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է. «Մենք պետք է առերեսվենք ու համարժեք քայլեր ձեռնարկենք նաեւ դրանք կապակցությամբ: Շատ կարեւոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, հասցեական, լինեն արդար»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում եւ սոցիալական աջակցությունների ֆոնին ստվերային հարստացման երեւույթներ են տեղի ունեցել. «Մենք դա պետք է բացառենք»: