Պեկինը բողոք է հայտնել՝ կապված նոր կորոնավիրուսի համաճարակի առիթով Վաշինգտոնի մեղադրանքների հետ
Չինական իշխանությունները կտրականապես բողոք են հայտնում՝ կապված ԱՄՆ մի շարք ներկայացուցիչների հայտարարությունների հետ, որոնք նոր կորոնավիրուսի տարածման մեջ փորձում են մեղադրել Չինաստանին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կտրականապես դեմ ենք, որպեսզի ամերիկյան կողմը սեւացնի Չինաստանին՝ մեր երկրի հետ կապելով աշխարհում կորոնավիրուսի տարածման խնդիրը։ Մենք դեմ ենք այդպիսի զրպարտությանը,- ասել է նա պարբերական ճեպազրույցում,- Ինչ վերաբերում է վիրուսի ծագման պատճառներին, դա խնդիր է, որով պետք է գիտությունը զբաղվի։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը կտրականապես դեմ է նրան, որ համավարակը նույնականացվի որեւէ կոնկրետ պետության կամ տարածաշրջանի հետ»։
Դիվանագետի խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի Պեկինի դժգոհությունը եւ կասեցնի առողջապահության ոլորտում իրավիճակի գլոբալ վատացման մեջ չինական կողմի մեղավորության մասին սխալ դատողությունները։ «Պնեւմոնիան տարածվում է աշխարհով մեկ, եւ մեզ անհրաժեշտ է համերաշխություն դրսեւորել համաճարակի դեմ պայքարելու համար։ Պատասխանատվությունը ուրիշի վրա գցելը չի օգնի ԱՄՆ-ին հաղթել վիրուսին»,- ամփոփել է Շուանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ Աշխարհում վարակված է ավելի քան 190 000 մարդ՝ 152 երկրներում, մոտ 8000 մարդ մահացել է։