«Աշխատանքային պարտականությունները կատարել առցանց». Արարատ Միրզոյանի շրջաբերականը՝ ԱԺ աշխատակազմին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շրջաբերական է տարածել՝ պատգամավորներին և ԱԺ աշխատակիցներին կոչ անելով հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունն այլ անձանց հետ եւ պարտականությունները կատարել առցանց:
Շրջաբերականը ներկայացնում ենք ստորեւ.
«Շրջաբերական ԱԺ պատգամավորներին եւ աշխատակիցներին․
Հարգելի գործընկերներ,
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու եւ վարակը հաղթահարելու գործում կարեւոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։
Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները եւ աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ եւ իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որեւէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։
Կոչ եմ անում նաեւ խստորեն հետեւել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը եւ ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում եւ դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն եւ իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատեւ բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի։
Հարգանքով եւ առողջության մաղթանքով՝
Արարատ Միրզոյան»: