Ամերիաբանկում վարկերի մարումը հետաձգվում է 2 ամիս ժամկետով
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից՝ Ամերիաբանկը որոշել է բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս. թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Այս մասին տեղեկացնում է Ամերիա բանկի լրատվական ծառայությունը:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ՝ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Նշվում է, որ վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարելի է ստանալ նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Բանկը հորդորում է օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից՝ զանգահարելով +374 10 561111: