Կորոնավիրուսն անչափ ուժգին կհարվածի Հայաստանում տուրիզմի ոլորտին. տնտեսագետ
Կորոնավիրուսն անչափ ուժգին կհարվածի Հայաստանում տուրիզմի ոլորտին: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Նրա կարծիքով՝ այս ոլորտում կգրանցվի բավականին լուրջ անկում:
«Հայաստանում արդեն հիմա լրջորեն կրճատվել է Իրանից զբոսաշրջիկների եւ ուսանողների թիվը, եւ այս միտումը շարունակվելու է»,- շեշտեց տնտեսագետը:
Մակարյանը նշեց, որ արդեն սկսել են չեղարկել այլ երկրներ չվերթները, եւ միջոցները, որոնք պետք է Հայաստանը ստանար տուրիստական ոլորտի հաշվին, փաստացի չեն ստացվի:
Փորձագետի կարծիքով՝ արդյունքում մեծապես կտուժի տուրստական ոլորտում ներգրավված փոքր եւ միջին բիզնեսը:
«Կորոնավիրուսի անկումը կանխատեսում են աշնանը: Այսինքն՝ ստացվում է, որ մեզ համար այս տարին կորած է»,- պարզաբանեց գործատուների միության նախագահը:
Մակարյանն, այդուհանդերձ, վստահ է, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են իրականացնելու ճկուն քաղաքականություն՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին եւ հետագա տարածման կանխմանը, ինչը կարող է թույլ տալ մեծացնել տուրիստական ոլորտի հնարավորությունները:
Փորձագետը կարծում է, որ սա թույլ կտա ոչ միայն զբոսաշրջիկների գրավել, հատկապես Ռուսաստանից, այլեւ Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա իրենց միջոցները ծախսել հայրենիքում՝ արտասահման չմեկնելով:
Ըստ Մակարյանի՝ Հայաստանից աշխատանքային միգրանտները չեն կարողանա մեկնել արտագնա աշխատանքի` փակ սահմանների, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում աշխատանքի բացակայության պատճառով:
Փորձագետը համոզված է, որ կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ մարդկանց մասին` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար, որն արդեն իսկ շատ հեռու է իդեալականից:
Ընդ որում, նա կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը աստիճանաբար կնվազի:
«Կորոնավիրուսը հարվածել է ինչպես բիզնեսին, այնպես էլ արտադրական եւ կրթական հատվածին, ինչը չի կարող լուրջ հետեւանքներ չունենա հետագայում»,- պարզաբանեց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանում միկրոբիզնեսը եւ փոքր բիզնեսը շատ լուրջ վնասներ են կրելու, քանի որ շատ ձեռնարկատերեր ներգրավված են սպասարկման ոլորտում: