Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը բուռն է անցել. Զարեհ Սինանյան (Տեսանյութ)
Իտալիայից մարտի 15-ին մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ նրանք ՀՀ քաղաքացի են:
«Դրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանը պարտավորություններ ունի: Սակայն կան հայեր, որ ՀՀ քաղաքացի չեն, բայց ուզում են գալ Հայաստան Իրանից: Փորձում ենք այդպիսի մարդկանց օգնելու ձեւաչափ գտնել: Բնական է, որ դժվար է, քանի որ քաղաքացի չեն: Այդպիսի 3-4 մարդ կա: Ասում են՝ ուզում ենք հայտնվել Հայաստանում:
Բայց իհարկե, առաջին հերթին մենք պարտավորվածություններ ունենք մեր քաղաքացիների նկատմամբ: Դա անքննարկելի է, իսկ ազգությամբ հայերի համար, որոնք ՀՀ քաղաքացի չեն, մենք ունենք բարոյական պարտավորվածություններ»,-ասաց Սինանյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը բուռն է անցել: