«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բենժամին Մենդին կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին և նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով տեղափոխվել են կարանտին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ակումբը հաստատում է, որ Բենժամին Մենդին և նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են: Նրանք կորոնավիրուսի թեստ են հանձնել և սպասում են պատասխաններին»,- հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչը:
Ավելի վաղ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել էր, որ իր թիմի 3 ֆուտբոլիստ մեկուսացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով: Իտալական «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանիի և «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինիի կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան էին տվել: