«Բարսելոնան» վերջնական որոշում է ընդունել Ռակիտիչի ապագայի վերաբերյալ
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Իսպանիայի չեմպիոնի կազմից:
Catalunya Radio-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել ամռանը հրաժարվել խորվաթ կիսապաշտպանի ծառայություններից և Ռակիտիչի վաճառքից ստացվելիք գումարն օգտագործել թիմի պաշտպանությունն ու հարձակումն ուժեղացնելու համար:
Ավելի վաղ իսպանական Marca-ն հաղորդել էր, որ Ռակիտիչը համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ և արդեն առանձնատուն է փնտրում իր ընտանիքի համար Մադրիդում:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Միլանի «Ինտերը», սակայն «Բարսելոնայի» այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը չցանկացավ հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Իվան Ռակիտիչն իսպանական «Սևիլիայից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 189 հանդիպման՝ դառնալով 24 գոլի հեղինակ: