«Սլավմեդ»-ում 24-ամյա ծննդկանի պտուղը մահացել է. կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. Պարզաբանում «Սլավմեդ» ԲԿ-ից
Մարտի 8-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի 35 շաբաթական պտուղը մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում ծննդատան վարիչ Վարդան Ռափյանն ասաց, որ ծննդկանի մոտ ընկերքի մեծ մակերեսով շերտազատում է եղել, որը նախօրոք հնարավոր չէր կանխատեսել:
«Մեծ մակերեսով անջատվել է ընկերքը եւ տեղի է ունեցել պտղի ներարգանդային մահ: Քանի որ հղին էլ պատրաստ չի եղել ծննդաբերելու, վիրահատություն է կատարվել մոր կյանքը չվտանգելու համար: Այս պահին ծննդկանի վիճակը կայուն է»,-ասաց նա նշելով, որ վիրահատությունը կատարվել է բժիշկ Ռոբերտ Մելիքյանի կողմից:
Ռափյանը հավելեց, որ ծննդկանը հաշվառված է եղել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում եւ մինչ այդ որեւէ խնդիր չի ունեցել:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով SHAMSHYAN.com-ին, հայտնել էր, որ մարտի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:
Ըստ կայքի տեղեկությունների հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին: