Նիգերիայում ազատել են ծովահենների կողմից գերեվարված վրացի նավաստիներին
Վրաստանի քաղաքացիները, որոնք ավելի քան երկու շաբաթ գերի էին ծովահենների մոտ, ազատվել են եւ առաջիկա օրերին կվերադառնան տուն, ասվում է Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է «Sputnik-Վրաստանը»։
Չորս վրացի նավաստիներ այլ երկրներից իրենց գործընկերների հետ գերեվարվել էին փետրվարի 20-ի գիշերը։ Ծովահենները նիգերական «Լագոս» նավահանգստի մոտ հարձակվել էին Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկերի վրա։
Վրաստանի քաղաքացիներին ազատելու հարցով զբաղվում էին Վրաստանի ՆԳՆ-ն եւ Ծովային տրանսպորտի գործակալությունը։
«Ելնելով հարցի գաղտնիությունից եւ նավաստիների անվտանգությունից՝ մենք ձեռնպահ ենք մնում մանրամասների հրապարակումից, սակայն ուզում ենք նշել, որ բոլոր կողմերը գործում էին համակարգված եւ բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչը հնարավորություն տվեց մեզ ամենակարճ ժամկետում արդյունք ստանալ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ընդ որում, նշվում է, որ նավի սեփականատերը հնարավոր ամեն բան արել է նավաստիների փրկության համար։