Կորոնավիրուսի հետ կապված խուճապային տրամադրություններն արդեն անցել են. «Իմ քայլի» պատգամավորը քաղաքացիներին կոչ է արել հանգստյան օրերն անցկացնել Ծաղկաձորում
Կորոնավիրուսի հետ կապված խուճապային տրամադրությունները Հայաստանում արդեն անցել են։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Լրագրողների հարցին, թե կարանտինը Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում կազմակերպելուց հետո ճիշտ է՞, որ զբոսաշրջիկները սկսել են լքել Ծաղկաձորը, պատգամավորը պատասխանեց, որ ինքը, Առողջապահության նախարարը և Կոտայքի մարզպետը եղել են Ծաղկաձորում ու զրուցել այնտեղի բնակչության հետ։
«Այն ինֆորմացիան, որ Ծաղկաձորում հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ծաղկաձորի բնակչությունը շատ ըմբռնումով է մոտենում իրականացվող կարանտինին և սատարում է կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին», - նշեց Վաղարշակ Հակոբյանը։
Վաղարշակ Հակոբյանը հավելեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել հյուրանոցների սեփականատերերի հետ, որոնք ասել են, որ իրավիճակը նորմալ է։
Ըստ Հակոբյանի՝ չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածումը իր բացասական ազդեցությունը ունեցավ համաշխարհային տնեսության վրա, այնուամենայնիվ Հայաստանը մինիմալ կորուստներով է դուրս գալիս իրավիճակից՝ արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ։
Պատգամավորը նաև ասաց, որ այժմ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում մեկնարկել է «#եկծաղկաձոր» ակցիան, որով կոչ է արվում քաղաքացիներին այցելել Ծաղկաձոր և իրենց հանգստյան օրերը անցկացնել այնտեղ։
«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն սատարելու քաղաքի տուրիզմին, պետք է օգտվեն այդ առիթից»,– ասաց պատգամավորը։