Արարատ գյուղում խանութից հափշտակել են վճարային տերմինալ
Մարտի 4-ին, ժամը 5.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից գողություն են արել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Արարատ գյուղի խանութներից մեկում արձանագրել են, որ ժամը 5-ի սահմաններում կոտրել էին խանութի ապակին, մտել ներս, դրամարկղից գողացել էին փող և հափշտակել խանութում տեղադրված վճարային տերմինալը։
Տարածքը զննելիս ոստիկանները խանութից ոչ հեռու հայտնաբերել են հափշտակված վճարային տերմինալը։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Ըստ իրավապահների կասկածների՝ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեին Արտաշատի և Նոր ուղի գյուղի բնակիչներ։
Ոստիկանները սկսել են որոնողական, զուգահեռ՝ նաև բացատրական աշխատանք՝ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքից ժամեր անց բացատրական աշխատանքը տվել է արդյունք։ Ոստիկանություն է ներկայացել Նոր ուղի գյուղի 22-ամյա մի բնակիչ և խոստովանել կատարածը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մեջ կասկածվող մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։