Կրակոցներ Էրեբունի վարչական շրջանում. հրազենային վնասվածքներով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 4-ին Էրեբունի վարչական շրջանում «Տոյոտա Քեմրի» մակնիշի սեւ գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղեւորը իջեցրել է պատուհանը եւ իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել. հարուցվել է քրգործ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
2020թ. մարտի 4-ին' ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւան քաղաքի 2 բնակիչներ:
Ահազանգների կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սեւ գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղեւորը իջեցրել է պատուհանը եւ իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում եւ դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել վերը նշված 2 անձինք:
Կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ` դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: