Քաղաքապետրանի դիմաց ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին 4 երեխաների հայր է. Հակոբ Կարապետյան
Այսօր քաղաքապետրանի դիմաց ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին բազմազավակ ընտանիքի հայր է, ունի 4 երեխա։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենք չգիտեն, թե քաղաքացին այսօր ինչ խնդրով է գնացել քաղաքապետարան, բայց նրան ճանաչում են քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունում։
«Քաղաքացուն բավական առարկայական օգնություն է տրամադրվել քաղաքապետարանի կողմից։ Շենգավիթում տրամադրվել է բնակտարածք, հողամաս։ Քաղաքացուն օժանդակություն տրվել է, իսկ թե ինչն է այդպիսի ծայրահեղ քայլի պատճառը, կարծում եմ, պետք է իրավապահները պարզեն»,– ասաց Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ կեսօրին մոտ, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի առջեւ, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել է, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։