Բևեռային արջի միջազգային օր
Ամեն տարի փետրվարի 27-ին աշխարհում նշվում է Բևեռային արջի միջազգային օրը (International Polar Bear Day) կամ Սպիտակ արջի օրը, հայտնում է Calend-ը։
Օրվա անցկացման հիմնական նպատակը բևեռային արջի մասին տեղեկատվության տարածումն ու հանրության ուշադրությունը ցամաքային ամենամեծ գիշատչի պահպանման անհրաժեշտության վրա գրավելն է։ Ավանդաբար այդ օրվա կապակցությամբ բնության պաշտպանության և էկոլոգիական կազմակերպությունները պատրաստում են տարբեր հանրային ակցիաներ և ճանաչողական միջոցառումներ։ Խոսվում է նաև բևեռային սառույցների հալվելու խնդրի՝ բևեռային արջերի անհետացման սպառնալիքի լուծման անհրաժեշտության մասին։ Սպիտակ արջերի կյանքին սպառնացող ևս մեկ պատճառ է նավթահանքերի շահագործումը, որի հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը։
Վերջին տարիներին ստացված տվյալները վկայում են այն մասին, որ բևեռային արջը (Ursus maritimus) էվոլյուցիայի ճանապարհին է հայտնվել մոտ հինգ միլիոն տարի առաջ։ Նրա նախնին գորշ արջն է։ Սակայն իր գորշ ազգակցի համեմատ՝ բևեռային արջը հոյակապ հարմարվել է ծովային սառույցների մեջ ծայրահեղ Հյուսիսի կյանքին։
Գիտնականների գնահատականներով՝ աշխարհում հաշվվում է մոտ 20-25 հազար սպիտակ արջ (2014թ․ տվյալներով)։ Առաջատար համաշխարհային մասնագետները, որոնք ուսումնասիրում են բևեռային արջերին, տվյալներ են հրապարակել այն մասին, որ բևեռային արջերի 19 սուբպոպուլյացիաներից ութը փոքրացել են, երեքը մնում են կայուն, իսկ մեկը մեծացել է։ Մնացած յոթի մասին տվյալներ հավաքել չի հաջողվել։
Արկտիկայում սառույցների հալվելը, որը տեղի է ունենում գլոբալ տաքացման հետևանքով, մինչև 2050թ․ կարող է հանգեցնել սպիտակ արջերի 2/3-ի ոչնչացմանը։