ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանություն
ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։
Նշենք, որ փոխտնօրենը հրաժարվել էր նորանշանակ տնօրենին փոխանցել հիմնարկի կնիքը։ Գրիգորյանի տեղեկություններով՝ դա է եղել նրան բերման ենթարկելու պատճառը։
«Այս պահին դատարանի բակում հավաքվել են հիմնարկի աշխատակիցները իրենց աջակցությունը հայտնելու փոխտնօրենին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Թորոսյանի որոշմամբ՝ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։