Հայաստանը և Եվրամիությունը միասին են աշխատում SEPA համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ԵՄ դեսպան
Հայաստանը եւ ԵՄ-ն միասին են աշխատում SEPA (Եվրոպական միասնական վճարային գոտի) համաձայնագրի իրականացման ուղղությամբ, եւ Հայաստանի Կառավարությունը երկրում բարեփոխումները շարունակելու պարտավորություն է ստանձնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ըստ դիվանագետի՝ ԵՄ-ից հստակ հասկացրել են, որ պատրաստ են այս գործընթացին աջակցել: «Երկու կողմերը ջանքեր են ներդնում հիմնական թիրախային խնդիրները եւ բոլոր ոլորտներում հարցերը լուծելու համար: Վերջին 2 տարում մեր հարաբերություններն իսկապես խորացել են, հատկապես SEPA համաձայնագրի ստորագրումից հետո»,- ասաց Վիկտորինը՝ հավելելով, որ երկու կողմերը պարտավորվել են խորացնել տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը՝ հիմնվելով հիմնական արժեքների վրա:
Նրա կարծիքով՝ սա կարելի է իրականացնել ԵՄ-ում եւ ԵՄ-ի կողմից իրականացվող քաղաքական գործընթացներին ու ծրագրերին Հայաստանի ներգրավվածության ընդլայնման շնորհիվ: Անդրեա Վիկտորինը հավաստիացրեց, որ Եվրամիությունը ցանկանում է միասին ամրապնդել Հայաստանում ժողովրդավարությունը, ինչպես նաեւ քաղաքական ու համակարգային կայունությունը: