Աէրացիա թաղամասում կրակոցներ է արձակել «Ինֆինիտի»-ում նստած անձի ուղղությամբ. գնդակները դիպել են բեռնախցիկի ծածկոցին
2020թ. փետրվարի 21-ին Երեւան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերեւույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ , սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպել են բեռնախցիկի ծածկոցին եւ գազի գլանանոթի երկաթյա կաղապարին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է քաղաքացու ուղղությամբ հրազենից առերեւույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը:
Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին:
Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: