Սլովակիան վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Ղարաբաղյան հարցում. Լայչակ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման անբաժանելի մասն է: Այս մասին Երեւանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Սլովակիայի ԱԳ նախարար (անցյալ տարի ԵԱՀԿ գործող նախագահ) Միրոսլավ Լայչակը:
Լայչակը նշեց, որ ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում Սլովակիան հիմնախնդրին մեծ ուշադրություն է դարձրել: Նա գոհունակությամբ նշեց Ժնեւում եւ Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ առաջնորդների վերջերս կայացած հանդիպումների մասին:
«Մեր տեսանկյամբ հանդիպումները եւ քննարկումները դրական զարգացում են: Սլովակիան ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ հովանավորությամբ ընթացող կարգավորման գործընթացին: Մենք նրանց աշխատանքին լիովին վստահում ենք, նրանց հետ սերտորեն աշխատել ենք: Սլովակիան պատրաստ է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել»,- նշեց Լայչակը: