Զիդան. Դեմ չեմ լինի, եթե Ռամոսը որոշի մասնակցել Օլիմպիական խաղերին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ որևէ խնդիր չի լինի, եթե թիմի ավագ Սերխիո Ռամոսը որոշի Եվրո-2020-ի ավարտից հետո մասնակցել նաև Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:
«Եթե Սերխիոն ցանկանա մասնակցել Օլիմպիական խաղերին, ապա ես միայն ուրախ կլինեմ: Մեծ պատիվ է սեփական երկիրն Օլիմպիական խաղերում ներկայացնելը:
Ռամոսը մեր թիմի ավագն է և առանցքային նշանակություն ունի թիմում: Ցանկանում եմ, որ նա նոր պայմանագիր կնքի ակումբի հետ և շարունակի օգտակար լինել մեզ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:
33-ամյա Սերխիո Ռամոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունն իսպանացի պաշտպանի բարձր աշխատավարձի պատճառով կարող է նոր պայմանագիր չառաջարկել նրան:
Հավելենք, որ ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի հունիսի 12-ին և կավարտվի ուղիղ 1 ամիս անց՝ հուլիսի 12-ին: Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: